ՔՊ համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց ՌԴ նախագահ Պուտինի 2020-ի նոյեմբերի 10-ի հրամանագրից մի հատված: Հրամանագիրը վերնագրված է. ««ԼՂ-ում խաղաղության ապահովման միջոցառումների մասին», որի 3-րդ կետը վերաբերում է կոմունիկացիաներին: «Դա 3-րդ կետն է, որտեղ խոսվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու մասին: Այսինքն գրված է, որ դա ապահովում է Հայաստանը, իսկ Ռուսաստանը որպես միջնորդ վերահսկողություն է իրականացնում, որ Հայաստանը քաղաքական այդ պարտավորությունը կամ անխափան երթեւեկությունը ապահովի: Այստեղ չի կարող լինել տարընթերցում: Մենք ասում ենք, որ հենց այսօր էլ պատրաստ ենք իրագործել դա, սրանից դուրս այլ ակնկալիք թող չլինի:
Կա հաջորդ հարցը. Ադրբեջանն ասում է, որ կոնֆլիկտի բերումով խնդրահարույց կլինի, եթե Արեւմտյան շրջաններից անցնելիս Ադրբեջանի քաղաքացիները շփվեն հայ մաքսավորների եւ սահմանապահների հետ: Ասում են՝ թող սահմանին կանգնեն ռուս սահմանապահները: Մենք ասում ենք՝ ակնկալիքը կարող ենք հասկանալ, բայց եռակողմ աշխտանքային խմբում պայմանավորվել ենք, որ բոլոր պայմանավորվածությունները պետըք է լինեն պարիտետային, համարժեքության սկզբունքով: Այստեղ պարիտետը խախտվում է: Եթե ադրբեջանցին չի շփվում հայ սահմանապահի հետ, այդ դեպքում հայն էլ չպետք է շփվի ադրբեջանցի սահմանապահի հետ: Մենք լուծում ենք առաջարկել. այդ ծառայությունն այդ կետում արտապատվիրակել ուրիշ կազմակերպությունների կամ երկրների եւ պայմանավորվել, որ սահմանին կանգնելու են օպերատորները: Այսինքն երրորդ կողմ: Մենք ասում ենք էս գլխից, որ պատրաստ ենք այդ օպերատորությունը պատվիրակել Ռուսաստանի սահմանապահ զորքերին: Ադրբեջանն ում ուզում է պատվիրակի: Օրինակ, կարող է Թուրքիային էլ ընտրի:
Կամ թող Հայաստանի կողմից հայկական ծառայությունները կանգնեն, Ադրբեջանի կողմից՝ ադրբեջանական»,-հայտարարեց Փաշինյանը:











