Թուրքիան Մոսկվայի հետ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում՝ հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ասել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության Ստամբուլի աղբյուրը։
«Բոլոր մակարդակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով այն հարցին, արդյո՞ք Անկարան ներկայումս բանակցություններ է վարում Մոսկվայի հետ։
Հարցին, արդյո՞ք Անկարայի «հեռախոսային դիվանագիտության» մանրամասները կհրապարակվեն, աղբյուրը նշել է, որ «իրավիճակը բարդ է»։
«Նման դժվարին պահերին պետք չէ մանրամասներ հրապարակել։ Գործընթաց է տեղի ունենում»,- հավելել է գործակալության զրուցակիցը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե երբ կհրապարակվի Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը։
Միաժամանակ գործակալության զրուցակիցը չի բացառել, որ նոյեմբերի 19-ին ավարտվող գործարքը դեռեւս ուժի մեջ կմնա։





























