Փրկության միջազգային կոմիտեն (IRC) նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից ուկրաինական ցորենի արտահանման համաձայնագրին (որը ձեռք էր բերվել ՄԱԿ միջնորդությամբ) մասնակցությունը դադարեցնելու աղետալի հետեւանքների մասին։ Գլոբալ հումանիտար կազմակերպությունը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում արդեն այսօր փոխել է պարենի արտադրման եւ մատակարարումների գլոբալ սխեմաները, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում գնաճն ավելացել է մոտ 90 տոկոսով, իսկ 345 մլն մարդ այս տարի կարող է բախվել սննդամթերքների սուր անբավարարության։
Կազմակերպությունում հայտարարել են, որ այն ժամանակ, երբ տասնյակ միլիոնավոր մարդիկ բախվում են ծայրահեղ քաղցի խնդրին Արեւելյան Աֆրիկայում, իսկ Սոմալին կանգնած է քաղցի եզրին՝ 40 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտի պատճառով, շրջափակման վերականգնումը կխոչընդոտի ռուս-ուկրաինական տարածաշրջանից ցորենի 80 տոկոսի ներմուծմանը՝ վատթարացնելով իրավիճակը։
«Շրջափակման վերականգնումը լուրջ մտահոգություն կառաջացնի ճգնաժամային մասշտաբի հասնող գլոբալ քաղցի հետ կապված,- ասել է Փրկության միջազգային կոմիտեի Արեւելյան Աֆրիկայում արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Շավշաթ Սարաֆը։- ՄԱԿ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը հույսի շող բերեց, բայց հիմա այդ հույսը նորից խորտակվել է։ Ցորենի արտահանման վերջերս տեղի ունեցած դադարեցումը ամենից ուժեղ կհարվածի նրանց, ովքեր սովի եզրին են։ Եմենը եւ Արեւելյան Աֆրիկան զգալիորեն կախված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից՝ հացահատիկի ներկրման իմաստով, իսկ Սոմալին կանգնած է աղետալի սովի եզրին, եւ ցորենի արտահանման հետագա խափանումները կարող են Սոմալին անդունդի եզրին կանգնեցնել»։
Պաշտոնական հաշվետվությունների համաձայն՝ օգոստոսի 1-ին շրջափակումը հանելու պահից 8,5 մլն տոննա կարեւորագույն սննդամթերք է ուղարկվել Աֆրիկայի, Ասիայի եւ Եվրոպայի երկրներ։ Արգելքից հանվել է Ուկրաինայի սեւծովյան պահեստարաններում պահվող ցորենի կեսը։ Փրկության միջազգային կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ապահովվի կանոնավոր եւ կանխատեսելի մատակարարում նրանց համար, որոնք դրա կարիքն ունեն ամենից շատ, ներառյալ այն մարդկանց, որոնք գտնվում են սովի եզրին այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Արեւելյան Աֆրիկան եւ Եմենը։
Փրկության միջազգային կոմիտեն 2022թ. փետրվարին սկսել է ճգնաժամին արձագանքելու միջոցներ կիրառել։ Կազմակերպությունն աշխատում է նաեւ տեղի գործընկերների հետ, որպեսզի օգնի առավել կարիքավորներին։ Այն աշխատում է Ուկրաինայում, Լեհաստանում եւ Մոլդովայում՝ ընդլայնելով ջանքերի մասշտաբները, որպեսզի հաղթահարվեն ձմռան հետ կապված խնդիրները։ Կոմիտեի ներկայացուցիչները բժշկական նշանակության առարկաներ են առաքում, դրամական օգնություն ցուցաբերում, աջակցում հոգեկան առողջությանը եւ անվտանգ տեղեր ապահովում կանանց եւ երեխաների համար։
Արեւելյան Աֆրիկայում կոմիտեն իրականացնում է երաշտին արձագանքելու պլան՝ աջակցություն ցուցաբերելով ավելի քան մեկ միլիոն մարդու՝ նրանց սնունդ, առողջապահության ոլորտի սպասարկումներ, ջրամատակարարում եւ սանիտարիա, ինչպես նաեւ դրամական օգնություն ապահովելով։





























