Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքը» «վտանգավոր բնույթ» է ստացել Ուկրաինայի գործողությունների պատճառով։

«Այն պայմաններում, երբ Ռուսաստանը խոսում է նշված տարածքներում նավագնացության անվտանգության երաշխավորման անհնարինության մասին, իհարկե, նման գործարքը դժվար թե իրագործելի է, այն այլ բնույթ է ստանում՝ շատ ավելի ռիսկային, վտանգավոր եւ չերաշխավորված», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից վերջին գործողությունները (Սեւաստոպոլի վրա հարձակումը)։

Նրա խոսքով՝  Կիեւի վարքագիծը հանգեցրել է գործարքի ձախողմանը, վստահության խաթարմանը։

«Այստեղ պետք է հասկանալ, որ դա ուկրաինական կողմի գործողությունն է։ Նրանք են  հանգեցրել նրան, որ գործարքը վտանգված լինի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ Մոսկվան շարունակում է դիվանագիտական ​​ներկայացուցչությունների միջոցով շփումները Թուրքիայի եւ ՄԱԿ-ի հետ այդ հարցի շուրջ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի կատարել «հացահատիկի գործարքի» պայմանները՝ չնայած Ռուսաստանի վարանումներին։