Կիեւը պետք է ստամբուլյան պայմանավորվածություններն անշեղորեն պահպանելու իրական երաշխիքներ տա, մասնավորապես՝ հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու վերաբերյալ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են սեւծովյան նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու շուրջ թուրքական կողմի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված իրավիճակը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է այս գործարքը կասեցնելու Ռուսաստանի որոշման պատճառների մասին։ Ընդգծվում է, որ կիեւյան ռեժիմը, արեւմտյան կուրատորների աջակցությամբ, օգտագործել է ուկրաինական հացահատիկի տեղափոխման համար ստեղծված ծովային հումանիտար միջանցքը, որպեսզի հարվածներ հասցնի Սեւաստոպոլում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ենթակառուցվածքներին եւ նավերին, որոնք ապահովում էին նշված երթուղու անվտանգ գործունեությունը։ Անհրաժեշտ է այս միջադեպի հանգամանքների մանրամասն հետաքննություն անցկացնել, ինչպես նաեւ հետագայում Կիեւից ստամբուլյան պայմանավորվածություններն անշեղորեն պահպանելու իրական երաշխիքներ ստանալ, մասնավորապես՝ հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու վերաբերյալ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի քննարկել այս «Սեւծովյան նախաձեռնության» շրջանակներում աշխատանքը վերսկսելու հարցը։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի եւ պարարտանյութերի արտահանումն ապաշրջափակելու փաթեթային պայմանավորվածությունների երկրորդ մասի չկատարման մասին։ Բացի այդ, կրկին ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ այս համաձայնագրերի գործողության երեք ամիսների ընթացքում չի կատարվել առավել կարիքավոր երկրներին պարենամթերքի առաջնահերթ կերպով առաքման խնդիրը։ Այդ կապակցությամբ հաստատվել է Աֆրիկա զգալի ծավալներով անվճար հացահատիկ եւ պարարտանյութ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։