Ե՛վ Սոչիում, ե՛ւ Պրահայում արձանագրվել է հայ-ադրբեջանական սահմանի առկայությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ հանգամանքը հայկական կողմին թույլ է տալիս խոսել այն մասին, որ Ադրբեջանը փաստացի ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Միջազգային հարթակներում հաջողվել է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ կա սահման, որը ամրագրված է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով եւ հարակից փաստաթղթերով եւ այն ագրեսիայի է ենթարկվել»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելության այցը Հայաստան հնարավոր դարձավ հենց վերը նշված փաստի ֆիքսման շնորհիվ։