Բեռլինը պետք է փոխի իր վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ, քանի որ երկիրը վերադառնում է ավելի բացահայտ «մարքսիստ-լենինիստական» քաղաքական ուղեգիծ, գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Politico-ի եւ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար հոդվածում։

Շոլցը պաշտպանել է իր այցը Չինաստան, բայց ընդգծել է, որ գերմանական ընկերությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ արդյունաբերական մատակարարման շղթաներում «ռիսկային կախվածությունը» նվազեցնելու համար, հատկապես «առաջադեմ տեխնոլոգիաների» առումով: Շոլցը նշել է, որ նախագահ Սի Ծինփինը գիտակցաբար միջազգային ընկերություններին Չինաստանից կախվածության մեջ դնելուն ուղղված քաղաքական ռազմավարություն է անցկացրել։

«Կոմունիստական կուսակցության քիչ առաջ ավարտված համագումարի արդյունքները միանշանակ են՝ մարքսիզմ-լենինիզմի ճանաչումը շատ ավելի լայն տեղ է գրավում, քան նախորդ համագումարների եզրակացություններում… Քանի որ Չինաստանը փոխվում է, մեր հարաբերությունները Չինաստանի հետ նույնպես պետք է փոխվեն»,- գրել է Շոլցը: Նա կրկնել է իր նախորդի՝ Անգելա Մերկելի դիրքորոշմանը, պնդելով, որ Միացյալ Նահանգները (անանուն, բայց հստակ նույնականացված) չպետք է ներքաշի Գերմանիային Պեկինի դեմ նոր սառը պատերազմի մեջ:

«Գերմանիան, որը սառը պատերազմի ժամանակ բաժանման նման ցավալի փորձ է ունեցել, շահագրգռված չէ աշխարհում նոր բլոկների ի հայտ գալով»,- գրել է նա։ «Չինաստանի հետ կապված դա նշանակում է, որ, իհարկե, այս երկիրը՝ իր 1,4 միլիարդ բնակչությամբ եւ իր տնտեսական հզորությամբ, ապագայում առանցքային դեր է խաղալու համաշխարհային ասպարեզում, ինչպես դա եղել է պատմության երկար ժամանակաշրջաններում»: Վաշինգտոնի քաղաքականությունը թեթեւակի քողարկված քննադատելով՝ Շոլցն ասել է, որ Պեկինի վերելքը չի արդարացնում «Չինաստանին մեկուսացնելու որոշ երկրների կոչը»:

Նա պնդել է, որ նպատակը «անջատվելը» կամ Չինաստանի հետ արտադրական կապերը խզելը չէ։ Սակայն Շոլցը նշել է, որ ինքը «լրջորեն» է ընդունում նախագահ Սիի այն պնդումը, որ Պեկինի նպատակը «Չինաստանից միջազգային արտադրական շղթաների կախվածությունը խստացնելն է»: