Ի նշան Հայաստանի հետ համերաշխության՝ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը դեմ է քվեարկել Ադրբեջանի հետ միջազգային համաձայնագրին, հաղորդում է El Confidencial-ը։
«Սա անսովոր փաստ է, որ Կոնգրեսը հավանություն չի տալիս կառավարության ստորագրած միջազգային համաձայնագրին։ Երեկ դա տեղի ունեցավ։ Ի նշան Ադրբեջանի ագրեսիայի ենթարկված Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ համերաշխության՝ պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց այդ համաձայնագրին»,-Twitter-ի իր էջում գրել է իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Մադրիդում ստորագրված համաձայնագիրը ենթադրում է Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում եւ այդ տեղեկատվության պաշտպանություն։
Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը 174 դեմ եւ 132 կողմ ձայներով չի վավերացվել։





























