Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ իր դեմ անհաջող մահափորձը մարդկանց կդրդի փողոց դուրս գալ:
«Մենք կունենանք կամ խաղաղ հեղափոխություն, կամ՝ արյունալի», - ասել է Խանը իր առաջին ելույթում այն բանից հետո, երբ նախօրեին Փենջաբ նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կրակել էին ոտքին: Նա նշել է որ մարդիկ դուրս կգան փողոց, ինչպես Շրի Լանկայում եւ քաոս կլինի:
Պակիստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել խոշոր քաղաքներում ցուցարարներին ցրելու համար։ Խանի կուսակցությունը կոչ է արել համազգային ցույցեր կազմակերպել այն բանից հետո, երբ նախկին վարչապետը հանրահավաքի ժամանակ հրաձգության հետեւանքով վիրավորվել էս, հայտնում է Bloomberg-ը։
Նա նախկինում մեղադրել էր վարչապետ Շեհբազ Շարիֆին, ներքին գործերի նախարար Ռանա Սանուալային եւ հետախուզության ավագ գեներալին հարձակման համար: Շարիֆի կառավարությունը հերքել է այդ մեղադրանքները, դատապարտել տեղի ունեցածը եւ կոչ արել հետաքննություն իրականացնել։
Խանը պատմել է, որ իրեն սպանելու ծրագրի մասին իմացել է մահափորձից մեկ օր առաջ։ Նրա խոսքով, նախօրեին Վազիրաբադ քաղաքում երկու կրակոցներ փորձել են սպանել իրեն՝ կրակ բացելով իր ղեկավարած բողոքի երթի վրա։
Հարձակման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւ եւս 11-ը վիրավորվել են։ Խանը ասել է նաեւ, որ երեք հոգի իրեն սպանելու ծրագիր են մշակել։ Նա անուններ չի նշել եւ որեւէ ապացույց չի ներկայացրել իր պնդումների վերաբերյալ:





























