Եվրահանձնաժողովը դատարկաբանության հարցում իրեն հավասարը չունի, եւ այժմ տվյալները հաստատում են այդ գաղափարը: Սա հիմնված է 45000 մամուլի հաղորդագրությունների վերլուծության վրա. Հանձնաժողովը դրանք բարդացնում է նույնիսկ այլ կառավարությունների համեմատ, գրում է Politico-ն։
Բեռլինի սոցիալական գիտությունների WZB կենտրոնի աշխատակից Քրիստիան Ռաունի խոսքով, սա ոչ միայն դժվարացնում է լրագրողների կյանքը, այլեւ քաղաքական խնդիր է։ Անհասկանալի հաղորդագրությունները մեծ տեղ են թողնում եվրոսկեպտիկների եւ տեղական քաղաքական գործիչների համար։
«Այսպիսով, այսպիսի տեխնոկրատական հաղորդակցությունը չափազանց ձեռնտու է նրանց, որոնք ցանկանում են ստեղծել բրյուսելյան էլիտայի կերպար, որը կտրված է եվրոպացի քաղաքացուց», - գրում է Ռաուն Journal of European Integration-ում:
Հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունները հեշտ չէ կարդալ, նույնիսկ ազգային կառավարությունների հաղորդագրությունների եւ ակադեմիական հոդվածների չափանիշներով:
Ռաուն վերլուծել է հանձնաժողովի անգլալեզու մամուլի հաղորդագրությունների 35 տարվա տվյալները՝ ուսումնասիրելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են քերականական բարդությունը և ժարգոնը:
Համեմատության համար նա նաև ընթերցել է թերթեր, քաղաքագիտական համառոտագրեր և Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների զեկույցները: Թեև զարմանալի չէ, որ Հանձնաժողովի հաղորդագրություններն ավելի տեխնիկական են, քան տաբլոիդները, սակայն ազգային կառավարությունները եւս ավելի լավ արդյունքներ են գրանցել լեզվի մատչելիության տեսանկյունից (այդպիսով վերացնելով այն արդարացումը, որ Հանձնաժողովը պետք է այդպես արտահայտվի, քանի որ այն զբաղվում է տեխնիկական քաղաքականության հարցերով):
Տեքստեր կարդալու հեշտության առումով Հանձնաժողովից ցածր միավորներ են հավաքել միայն քաղաքագետները։ Իսկ երբ բանը հասնում է ժարգոնին, Հանձնաժողովի հաղորդագրություն գրողներն առաջ են անցնում նույնիսկ գիտնականներից:
Նայելով հաղորդագրությունների քանակին 1985-ից 2020 թվականներին՝ Ռաուն պարզել է, որ ամսական մամուլի հաղորդագրությունների ծավալը 2000-ականների սկզբին Հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ռոմանո Պրոդիի օրոք հասել է մոտ 150-ի, նույն ցուցանիշն է եղել նաեւ Ժոզե Մանուել Բարոզուի երկու ժամկետներում:
Այնուամենայնիվ, առաջին «քաղաքական հանձնաժողովի» ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը իր հնգամյա պաշտոնավարման ընթացքում, որն ավարտվել է 2019 թվականին, ականատես է եղել մամուլի հաղորդագրությունների զգալի անկման, որը նվազել է մինչեւ 50-ի:





























