Մեր տարածաշրջանում կա թուրք-ադրբեջանական տանդեմ, Ադրբեջանում կա բրիտանական մոտ 130 մլրդ դրամի ներդրում, դրանից զատ թուրքական գործոնը տարածշրջանում չափազանց ուժեղացել է եւ գերակա դիրք է զբաղեցնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նկատեց, որ դա շատ է անհագստացնում Իրանին, որովհետեւ նախ Իսրայելի շատ լուրջ ներկայությունը կա Ադրբեջանում, եւ ինքը տեսնում է վտանգ. «Իրանում ադրբեջանցիների շրջանում լուրջ ցանցեր են գործում, եւ այդ համատեքստում հայաստան-Իրան մերձեցում է գնում: Իրանը մերձենում է Հայաստանի հետ: Թե Հայաստանն ինչ քաղաքականություն է վարում, մի փոքր անհասկանալի է: Մենք նաեւ տեսնում ենք, որ Իրանի շնորհիվ տարածաշրջանում բալանս ձեւավորվեց եւ ադրբեջանա-թուրքական նկրտումները որոշակիորեն զսպվեցին դեռ: Բայց մյուս կողմից տեսնում ենք, թե Իրանն ինչ ճնշումների է ենթարկվում»,-ասաց քաղաքագետը: