ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է Ֆլորիդայի միջանկյալ ընտրություններում։ Նրա խոսքով՝ նա իր ձայնը տվել է Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին։

Ինչպես նշում է The Hill-ը, ԴեՍանտիսին շատերը համարվում են Հանրապետական կուսակցությունից Թրամփի ամենալուրջ մրցակիցը 2024 թվականի նախագահական ընտրություններում:

Երեքշաբթի Թրամփը նաեւ ակնարկել է, որ նոյեմբերի 15-ին կարող է հայտարարել իր նախընտրական քարոզարշավի մասին։

«Կարծում եմ՝ երեքշաբթի շատերի համար շատ հետաքրքիր օր կլինի, եւ ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը Մար-ա-Լագոյում»,- Փալմ Բիչի ընտրատեղամասի մոտ լրագրողներին ասել է Թրամփը:

Նշենք, որ նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններում ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին (Կոնգրեսի ստորին պալատ) եւ Սենատի 100 անդամներից 35-ին (վերին պալատ): Նահանգապետների ընտրություններ կլինեն նաեւ 50 նահանգներից 36-ում։ Բացի այդ, դրանց մեծ մասում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների առանցքային ներկայացուցիչների ընտրություններ։ Ըստ կանխատեսումների՝ հանրապետականները կարող են մեծացնել իրենց ներկայացվածությունը Կոնգրեսի երկու պալատներում, ինչը դեմոկրատ նախագահի օրենսդրական նախաձեռնություններն արգելափակելու հնարավորություն կտա նրանց։