Ամեն գնով խաղաղության գնացող իշխանությունը լեգիտիմացնում է ամեն գնով իշխանափոխությունը։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

Նա նկատեց, որ իշխանությունը միավորվելու կոչ է անում, որպեսզի միասին հանձնվենք թշնամուն, այն դեպքում, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է Հայաստանը ոչնչացնելը։

Ներկայիս ստատուս քվոյի պայմաններում չի կարող փաստաթուղթ ստորագրվել, որը բարենպաստ կլիներ Հայաստանի համար։

Ռուստամյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի թուլացման պատճառով, որը բախվել է աշխարհի քարտեզի վրա իր ներկայությունն ամրապնդելու էքզիստենցիալ խնդրի հետ, ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Հայաստանի հակառակորդների, ուստի անիմաստ է սպասել Հայաստանի համար օգտակար մի բանի։

«Խոսվում է այն մասին, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ, բայց այդ ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվի, Իսկ Հայաստանը կարող է բախվել անդառնալի հետեւանքների։ Ուստի պետք է աշխատել այն երկրների հետ, որոնց համար Հայաստանի զիջումները նույնպես կենսական նշանակություն ունեն։ Իրանը գիտի, որ դա իր համար «կարմիր գիծ» է եւ ամեն գնով կպաշտպանի այն»,-ասաց պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ հանրության զգալի մասն ընդունել է այն թեզը, որ Ղարաբաղը հանձնելով հանգիստ կապրենք։ «Կապիտուլյացիան կենսական շահերի զիջում է, որը իշխանությունն անվանում է «միակ հնարավոր լուծում»։ Բայց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը Հայաստանը կդարձնի ագրեսոր, որը պարտավոր կլինի անընդհատ ինչ-որ բան զիջել»,-նշեց Ռուստամյանը։

«Հանրությունը չի գիտակցում՝ ինչ է սպասվում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու դեպքում։ Ուստի պետք է հրաժարվել իշխանության եւ ընդդիմության միջեւ պարզունակ պայքարից»,-հավելեց Ռուստամյանը ։

Նա վստահ է, որ Հայաստանը միշտ արտաքին խաղացողներին հետաքրքրել է երեք գործոնով՝ Ղարաբաղով, Սյունիքով  եւ ԱԷԿ-ով։