Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները լուսավոր ապագա ունեն։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է Mehr-ը։

Ռայիսին նշել է, որ անկախ երկրների միջեւ համագործակցությունը ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ ապակայունացման քաղաքականությանը ամենավճռական պատասխանն է։

Նշելով, որ Իրանն ու Ռուսաստանը տրամադրված են բարձրացնել տարբեր ոլորտներում ռազմավարական հարաբերությունների մակարդակը, Ռայիսին Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները բնութագրել է որպես աճող եւ ամրապնդվող, եւ այդ կապերի համար լուսավոր ապագա է կանխատեսել։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը պատերազմին հակազդելն է. «Պատերազմի ծավալների ընդլայնումն ու էսկալացիան մտահոգություն են առաջացնում բոլոր երկրներում»:

Տարածաշրջանային մարմինների ու կազմակերպությունների շրջանակներում իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման հույս հայտնելով՝ Պատրուշեւն ասել է, որ «բազմաբեւեռ աշխարհի ստեղծումը բխում է աշխարհի բոլոր երկրների շահերից»։

Նշենք, որ Նիկոլայ Պատրուշեւը Թեհրան է ժամանել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, կոնտրադմիրալ Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով։