Իսրայելը չունի արտադրական հզորություններ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու համար, հայտարարել է պաշտոնից հեռացող պաշտպանության նախարար Բենի Հանցը, հայտնում է JPost-ը։
«Հասկանալի է, որ եթե նույնիսկ մեր քաղաքականությունը փոխելու որոշում կայացվի, անհնար է դատարկել հակաօդային պաշտպանության համակարգերի մեր պաշարները»,- լրագրողներին ասել է Հանցը: «Մենք ամեն օր ստուգում ենք, թե ինչ կարելի է անել եւ ինչպես կարող ենք ընդլայնել մեր օգնությունը, բայց մենք չպետք է մոռանանք, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի թիկունքին»:
Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» եւ «Նետ» համակարգերը, արտադրվում են ԱՄՆ-ի հետ համատեղ։ Անցյալ տարի Վաշինգտոնն ընդունել է 1 միլիարդ դոլարի ֆինանսավորման օրինագիծ՝ «Երկաթե գմբեթ»-ի մարտկոցներում օգտագործվող Tamir կործանիչ հրթիռները փոխարինելու համար:
Հանցն այս մեկնաբանությունն արել է, քանի որ Կիեւը շարունակում է Իսրայելից զենքի մատակարարումներ խնդրել:
Իսրայելը տրամադրել է մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ բժշկական սարքավորումներ, սակայն հրաժարվում է ուղարկել ցանկացած զենք, որը կարող է մահաբեր համարվել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր: Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Իսրայելն օգնում է հետախուզության հարցում եւ օգնություն է առաջարկել վաղ նախազգուշացման համակարգերի մշակման հարցում:
Թեեւ Հանցը բազմիցս հայտարարել է, որ Իսրայելը չի կարողանա ՀՕՊ համակարգեր տրամադրել՝ «սահմանափակումների» եւ «բազմաթիվ օպերատիվ նկատառումների պատճառով», կան մի շարք չթռչող համակարգեր, որոնք կարող են տրամադրվել։
Պաշտպանության աղբյուրները հայտնել են, որ Իսրայելն ամեն օր ուսումնասիրում է, թե ինչ կարող է տրամադրվել:





























