Նոյեմբերի 11-ին Սամարղանդում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին, գրում է Daily Hungary-ն։

Օրբանն ասել է, որ «Ալիեւն օգնում է Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները»։

«Մեզ խաղաղություն եւ համագործակցություն է պետք, ոչ թե պատերազմ եւ պատժամիջոցներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակ ղեկավարն է, որը հաջողությամբ միջնորդի դեր ստանձնեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Նախագահ Իլհամ Ալիեւն օգնում է Եվրոպային դիվերսիֆիկացնել իր էներգիայի աղբյուրները։ Մենք պարտական ​​ենք նրանց»,-ասել է Օրբանը։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Սամարղանդում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ որոշել է հետ չմնալ եւ ասել է, որ Բուդապեշտը «թյուրքական խորհուրդը դիտարկում է որպես «խաղաղության ֆորում», որտեղ բոլոր անդամները կողմ են Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական ​​լուծմանը։ Նրա խոսքով՝ խորհուրդը հանդես է գալիս Արեւելքի եւ Արեւմուտքի համագործակցության օգտին եւ, որպես այդպիսին, հանդիսանում է համաշխարհային անվտանգության բանալին: Սիյարտոն նշել է, որ Հունգարիան, որը Թուրքմենստանի հետ մեկտեղ դիտորդ է խորհրդում, ձգտում է ամրապնդել իր դերը կազմակերպությունում։ Նա հավելել է, որ կառավարությունը դեսպանատներ է բացել անդամ բոլոր վեց երկրներում՝ Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Թուրքիայում եւ Ուզբեկստանում։

Նրա խոսքով՝ Հունգարիայի եւ թյուրքական խորհրդի վեց պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին 12 տարում աճել է երկուսուկես անգամ եւ հասել 4,5 միլիարդ եվրոյի։ Ի դեպ, Թուրքիան թույլատրել է Հունգարիայի քաղաքացիներին նույնականացման քարտերով մուտք գործել երկիր, ասել է Սիյարտոն։

«Լավ լուր նրանց համար, ովքեր մեկնում են Թուրքիա. հունգարացի զբոսաշրջիկները այսուհետ կկարողանան Թուրքիա մուտք գործել իրենց ինքնությունը հաստատող թղթերով (առանց անձնագրերի)»,-ասել է Սիյարտոն։

Սամարղանդում դիֆիրամբներին նախորդել են  գովասանքի խոսքեր նոյեմբերի 9-ին, երբ Բուդապեշտում մի շարք միջոցառումներով նշվել է «Ադրբեջանի հաղթանակի օրը»։ Բաքվի եւ Բուդապեշտի «սրտառուչ բարեկամությունը» սկսվել է Օրբանի իշխանության գալով։ 2010 թվականին երկրորդ անգամ գլխավորելով Հունգարիայի կառավարությունը՝ Օրբանն արդեն 2012 թվականին «ընդհանուր լեզու է գտել» Ալիեւի հետ։ Նա՝ բարոյականությանը հակառակ, Ադրբեջանին է արտահանձնել բառի բուն իմաստով հանցագործ եւ ավազակ Սաֆարովին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպային սպանելու համար։ Տանը նրան դիմավորել են պատվով, անմիջապես ազատ արձակել, հերոսի կոչում տվել։ Ինչպես գրում էին լրատվամիջոցները, գործարքը թանկ է նստել Ադրբեջանի վրա։