Երբ թշնամիդ սպառնում է, չես կարող անտեսել դրանք, միշտ պետք է պատրաստ լինես պատերազմի։ Խաղաղության հասնելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստվելն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց The California Courier թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը։
Նա նշել է, որ Ալիեւը շարունակում է սպառնալ Հայաստանին ուժի կիրառմամբ՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանը իբր չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
«Ալիեւը հերթական անգամ բարձրացրել է միջանցքի հարցը եւ հայտարարել հայկական ուժերին Արցախից դուրս բերելու պահանջի մասին (ինչն արդեն արվել է)։ Ալիեւը երկու հարցն էլ խեղաթյուրում է:
Բայց ակնհայտ է, որ նա բոլորովին այլ բանի մասին է մտածում, մտադիր չէ դադարեցնել ագրեսիան։ Նույնիսկ Վաշինգտոնյան հանդիպման օրը Ադրբեջանը գնդակոծել է հայկական դիրքերը։ Սա նշանակում է, որ Բաքուն լիովին անտեսում է խաղաղ բանակցությունները եւ շարունակում է անել այն, ինչ ուզում է»,- հավելեց Սասունյանը։
Նա բացատրեց, որ եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ Ֆրանսիան շահագրգռված են Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմամբ, որպեսզի կարողանան ստանալ երկու բան։ Առաջինը՝ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն են, որոնց կարիքն այսօր Եվրոպան ունի։ Երկրորդը՝ մնչեւ վերջերս Ռուսաստանի ազդեցության գոտին համարվող տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելն է:
«Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ Արեւմուտքին թույլ կտան անել այն, ինչ ուզում է։ Անկարան եւ Բաքուն կշարունակեն իրենց կամքը պարտադրել Հայաստանին եւ տարածաշրջանին։ Արեւմուտքը մտադիր չէ ուժ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, առավել եւս, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայինը։
Միակ բանը, որ արվում է 44-օրյա պատերազմից հետո, տարբեր հայտարարություններ են անում, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը անտեսում են»,- ընդգծեց Սասունյանը։
Համեմատելով Արեւմուտքի համար Հայաստանի եւ Ուկրաինայի կարեւորությունը՝ նա նշեց, որ Ուկրաինան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, եւ ցանկացած եվրոպական երկիր շատ ավելի կարեւոր է Արեւմուտքի համար, քան Հարավային Կովկասի որեւէ պետություն, այդ թվում՝ Վրաստանը:
Արամ Դանիելյան




























