Ուկրաինան ինքը պետք է որոշի Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների ժամկետներն ու բովանդակությունը։ Այս մասին Պնոմպենում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը քննարկել է նաեւ «կարեւոր ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետեւանքները ձմռան մոտենալուն զուգընթաց մեղմելու, ներառյալ մարդասիրական օգնության արագացման հարցում Ուկրաինային աջակցելու Միացյալ Նահանգների վճռական հանձնառությունը»: «Պետքարտուղարը (Բլինքենը) կրկնել է, որ Ուկրաինան պետք է որոշի ցանկացած բանակցային շրջանակի ժամկետներն ու բովանդակությունը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Բլինքենը եւ Կուլեբան հաստատել են համաձայնագրի երկարաձգման կարեւորությունը, որը թույլ է տալիս Ուկրաինային հացահատիկ արտահանել Սեւ ծովով՝ մինչեւ հաջորդ շաբաթ դրա գործողության ժամկետի լրանալը: