Չինաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը համակողմանի երկխոսություն կվարեն Մոսկվայի հետ, երկուշաբթի հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք աջակցում ենք եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ խաղաղ բանակցությունների վերսկսման հույս ունենք, միեւնույն ժամանակ ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը համակողմանի երկխոսություն կանցկացնեն Ռուսաստանի հետ»,- ասել է Սի Ծինփինը, որի խոսքերը մեջբերվում են հանդիպման արդյունքներով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Երկուշաբթի օրը Բալիում G20-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած բանակցությունները 3 ժամ 12 րոպե են տեւել եւ Սի Ծինփինի ու Բայդենի առաջին դեմառդեմ հանդիպումն են եղել Բայդենի նախագահ դառնալուց հետո։