ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը երկուշաբթի Անկարայում հանդիպում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ՝ ԱՄՆ ձերբակալված քաղաքացիներին եւ միջուկային ռիսկերը քննարկելու համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին:
«ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսն այսօր Անկարայում հանդիպում է իր ռուս գործընկեր Սերգեյ Նարիշկինի հետ՝ «անարդարացիորեն կալանավորված ԱՄՆ քաղաքացիների» դեպքերը քննարկելու համար»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բերնսը չի քննարկի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը։ «Նա հաղորդագրություն է փոխանցում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հետեւանքների եւ էսկալացիայի ռիսկերի մասին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Վաշինգտոնը նախապես տեղեկացրել է Կիեւին հանդիպման մասին։




























