Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը ուղեւորվել է ասիական շրջագայության՝ Պարսից ծոցի երկրի կապերն իր ամենամեծ էներգետիկ շուկայի հետ ամրապնդելու եւ Վաշինգտոնից աճող անկախության մասին ազդարարելու համար՝ նավթի մատակարարումների շուրջ կատաղի հակամարտության ֆոնին, հաղորդում է AFP-ն:
Մուհամմեդ բեն Սալմանը երկուշաբթի օրը մեկնել է Բալիում կայանալիք G20-ի գագաթաժողովին։ Այցը ներառում է «մի շարք ասիական երկրներ», թեեւ պաշտոնյաները դեռ պետք է հաստատեն երթուղու մանրամասները։
Հավանական կանգառը Հարավային Կորեան է, որտեղ թագաժառանգը կհանդիպի բիզնես առաջնորդների հետ: Այնուհետեւ սպասվում է, որ նա կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին, որը կմեկնարկի ուրբաթ օրը՝ Բանգկոկում:
Ուղեւորությունը տեղի է ունեցել էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ թշնամության ֆոնին՝ ՕՊԵԿ+ նավթային կարտելի արդյունահանումն օրական երկու միլիոն բարելով կրճատելու հոկտեմբերի որոշման հետ կապված:
Գնաճի եւ էներգակիրների բարձր գների պայմաններում Սպիտակ տունը մեծ ջանքեր է գործադրել նավթի արդյունահանման կրճատումները կանխելու համար: ԱՄՆ-ը քննադատել է ՕՊԵԿ+-ի կրճատումները՝ այդ քայլն անվանելով «աջակցություն Ռուսաստանին», եւ նախազգուշացրել չճշտված «հետեւանքների» մասին։
Թեեւ եւ՛ Բայդենը, եւ՛ արքայազն Մուհամմեդը գտնվում են Բալիում G20-ի գագաթաժողովին, Սպիտակ տունն ասում է, որ նախագահը մտադիր չէ հանդիպել արքայազնի հետ:
Հակամարտությունը չի օգնել զսպելու շահարկումներն այն մասին, որ թագավորությունը հեռանում է անվտանգության եւ էներգետիկ ոլորտում իր վաղեմի գործընկերոջից:
Արքայազն Մուհամմեդի վերջին ուղեւորությունն այս տեղաշարժն ավելի ճշմարտանման է դարձնում, կարծում է Բիրմինգհեմի համալսարանի սաուդյան քաղաքականության փորձագետ Ումար Քարիմը: «Սա ուղեւորություն է Ասիայի էներգետիկ շուկաների հետ համակարգումն ավելի զարգացնելու, ինչպես նաեւ ամբողջ արեւմտյան աշխարհին եւ, փաստորեն, Միացյալ Նահանգներին ցույց տալու, որ Սաուդյան Արաբիան գործընկերության տարբերակներ ունի»,- ասել է նա:
Արքայազն Մուհամմեդի հանդիպումները ասիական առաջնորդների հետ, ամենայն հավանականությամբ, կշոշափեն մի շարք նախաձեռնություններ՝ տարածաշրջան հետագա արտահանումը խթանելու համար, ներառյալ նավթավերամշակման եւ պահեստավորման հնարավոր նախագծերը, ասել է Verisk Maplecroft-ի ռիսկերի վերլուծության ընկերությունում Ասիայի էներգետիկայի մասնագետ Կահո Յուն: «Խոսքը միայն Սաուդյան Արաբիայից նավթ գնելը չէ: Դա ավելի շատ վերաբերում է մատակարարման ողջ շղթայում համագործակցությունը ընդլայնելու փորձին»,- ասել է նա:





























