Երեւանի եւ Բաքվի միջեւ ընթացիկ բանակցությունների տեմպն ու խորությունը ցույց են տալիս հակամարտության կարգավորման ներուժը, որը մենք երկար ժամանակ չէինք տեսնում։ Այս մասին հայտարարել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Բնականաբար, երկու երկրների իշխանությունները դեռ շատ անելիքներ ունեն, այդ թվում՝ մարդու իրավունքների եւ միջազգային օրենքների խախտման մեղադրանքների հետաքննությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։ Մինչ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն խրախուսում եւ նպաստում են բանակցություններին, Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են դրանց բովանդակությունը։ Երկու երկրների միջեւ ուղիղ բանակցությունները՝ պայմանավորված նրանց շահերով, եւ ոչ թե արտաքին խաղացողների շահերով, երկարաժամկետ հաջողության ամենամեծ շանսերն ունեն։
Մենք ամեն կերպ կաջակցենք այդ ջանքերին։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի տեխնիկական աջակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը եւ տրանսպորտային ճանապարհների պլանավորումը: Թեեւ վիճելի հարցերի լուծումը մնում է Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունը, ես հստակ հասկացրել եմ, որ միջազգային հանրությունը եւ Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում, էթնիկ հայերի իրավունքները եւ անվտանգությունը երաշխավորվեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ես բազմիցս կոչ եմ արել երկու երկրների ղեկավարներին դիտարկել միջազգային մեխանիզմի կամ կոնստրուկցիայի ստեղծման հարցը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած համաձայնագրի մոնիտորինգը եւ հաշվետվողականությունը: Բացի այդ, մենք առաջնորդներին կոչ ենք անում ընտրել բարգավաճման ապագան եւ ցույց տալ միասին աշխատելու իմաստությունը հանուն խաղաղության, որը օգուտ կբերի տարածաշրջանի ժողովրդին՝ ապագա սերունդների համար»,- ասել է դիվանագետը:





























