Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են խուսափել միջուկային զենքի կիրառումից։
Էրդողանն ասել է, որ թուրքական հետախուզությունն իրեն հայտնել է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը մտադիր չեն այս պահին միջուկային զենք կիրառելու փորձ կատարել:
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Կիրբին ասել էր, որ նոյմեբերի 14-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամս Բերնսը հանդիպել են Անկարայում։ Նրա խոսքով՝ այն կայացել է երկրների միջեւ անվտանգության հարցերով հաղորդակցության պահպանման նպատակով։
Նոյեմբերի 16-ին G20-ի գագաթաժողովի վերաբերյալ կոմյունիկեում մասնակից երկրները նշել էին, որ միջուկային զենքի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքն անընդունելի է։ Փաստաթղթում ընդգծվում է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ճգնաժամերի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դիվանագիտությունն ու երկխոսությունը կենսական նշանակություն ունեն։




























