ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի գեներատորներ եւ էլեկտրացանցերի վերանորոգման հավաքածուներ, որոնք կօգնեն նրան հաղթահարել ձմեռը ռազմական գործողությունների հնարավոր սրման նախաշեմին: Այս մասին հայտարարել է կարգավորման հարցով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, հաղորդում է Reuters-ը։
«Ձմեռը գրեթե եկել է, եւ հիմա դա մեր գլխավոր գերակայությունն է, երբ մենք խոսում ենք հումանիտար օգնության մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կրիտիկական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացումը» այս ձմռանն աջակցությունն ավելի կարեւոր է դարձրել:
Լենարչիչի խոսքով՝ ԵՄ անդամ երկրներին առաջարկվել է պատրաստվել ձմռանը Ուկրաինայից փախստականների լրացուցիչ ներհոսքին ։ «Մենք կոչ ենք անում անդամ պետություններին բավարար ռեսուրսներ հատկացնել նման աճող կարիքները բավարարելու համար»,-ասել է նա։
Այս ամսվա սկզբին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ հաշվի առնելով արտերկրից սպասվող մատակարարումները՝ երկիրը պետք է բավարար գազ ունենա այս ձմռանը։





























