Լեհաստանը կառաջարկի լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգեր տեղադրել Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում՝ Գերմանիայի առաջարկից հետո, Twitter-ում հայտնել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Գերմանական կողմի հետ այսօրվա զրույցի ընթացքում ես կառաջարկեմ համակարգը տեղադրել Ուկրաինայի հետ սահմանին»,- գրել է նա։

Գերմանիան Վարշավային առաջարկել է Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ, որպեսզի օգնի նրան պաշտպանել իր օդային տարածքն այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ մոլորված հրթիռ էր ընկել Լեհաստանի տարածք:

Գերմանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ միջադեպից հետո իր հարեւանին գերմանական Eurofighters կործանիչների միջոցով օդային տարածքը պաշտպանելու հետագա օգնություն կառաջարկի:

Անցյալ շաբաթ Լեհաստանին խոցած հրթիռը, որը երկու մարդու մահվան պատճառ էր դարձել, ուկրաինական ՀՕՊ-ի կողմից էր արձակվել։