Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ նոյեմբերի 21-ին, հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ հաղորդագրությունից:
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը եւ մասնավորապես հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը:
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական եւ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերը: Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր»,-նշվում է հաղորդագրությունում:



























