Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձ է հղել Բաքվում անցկացվող (ICAPP) «Անվտանգություն եւ համագործակցություն. քաղաքական կուսակցությունների դերը» թեմայով Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին եւ հերթական անգամ գլխիվայր շրջել իրականությունը։
«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ տեւել։ Միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքի հիման վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ անվտանգության ապահովումը դարաշրջանի եւ ժամանակի պահանջ է։ Այս տեսանկյունից արժանի են հավանության գիտելիքի եւ փորձի փոխանակումը, քաղաքական կուսակցությունների միջեւ համագործակցության հնարավորությունների ընդլայնումը՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար»,- ասվում է ուղերձում։
Մինչդեռ, այսքան գեղեցիկ եւ չափազանց արդար բառերի հեղինակը բոլորովին այլ իմաստ է դնում դրանց մեջ։ «Միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքի հիման վրա խաղաղության եւ անվտանգության ապահովումը» Ադրբեջանի նախագահի ընկալմամբ ագրեսիվ պատերազմն է Հայաստանի նկատմամբ, նրա տարածքների օկուպացումը, շանտաժը եւ ուժի կիրառման սպառնալիքը։




























