Մենք ապրում ենք պատերազմի իրավիճակում, սպառնալիքը կարող է ցանկացած պահի առաջանալ։ Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց ձորի մարզի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ սեպտեմբերից որեւէ փոփոխություն չի եղել։

«Հնարավոր է՝ ինչ-որ միջադեպեր եղել են, հրաձգություն է կատարվում, բայց ընդհանուր առմամբ լարվածություն չկա։ Ադրբեջանական կողմը ինժեներական աշխատաքններ է իրականացնում», – նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը վերլուծում է իրավիճակը, գրանցում միջադեպերը եւ զեկուցում իրենց ղեկավարությանը։

«Նրանց հետ պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում։ Նրանք ոչինչ չեն ասել առաքեության ժամկետի երկարացման մասին», – ընդգծեց պաշտոնյան։

Ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերում մնացած զոհված զինծառայողների աճյունների մասին մարզպետը ոչինչ չկարողացավ ասել՝ հորդորելով դիմել ՊՆ։