Չինաստանն աշխատում է ավելի քան 1 տրլն յուանի (143 մլրդ դոլար) աջակցության փաթեթի վրա՝ իր կիսահաղորդչային արդյունաբերության համար, ինչը կարեւոր քայլ է չիպերով ինքնաապահովման եւ տեխնոլոգիական առաջընթացի դանդաղեցմանն ուղղված ԱՄՆ քայլերին հակազդելու ճանապարհին:

Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Պեկինը ծրագրում է հինգ տարվա ընթացքում հարկաբյուջետային խթանների խոշորագույն փաթեթ՝ հիմնականում սուբսիդիաների եւ հարկային արտոնությունների տեսքով՝ երկրի կիսահաղորդիչների արտադրությանը եւ հետազոտական գործունեությանը աջակցելու համար:

Այն ազդարարում է, ինչպես վերլուծաբաններն էին ակնկալում, Չինաստանի ավելի անմիջական մոտեցումը արդյունաբերության ապագայի կերտմանը, որը աշխարհաքաղաքական թեժ կետ է դարձել չիպերի աճող պահանջարկի պատճառով, որը Պեկինը համարում է իր տեխնոլոգիական հզորության հիմնաքարը:

Ծրագիրը կարող է իրականացվել արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում, ասել են երկու աղբյուրներ: Նրանց խոսքով՝ ֆինանսական օգնության մեծ մասը կօգտագործվի չինական ֆիրմաների, հիմնականում կիսահաղորդչային գործարանների կողմից ներքին կիսահաղորդչային սարքավորումների գնման սուբսիդավորման համար։

Երեք աղբյուրների խոսքով՝ նման ընկերությունները կարող են 20 տոկոսանոց սուբսիդիայի իրավունք ստանալ գնումների համար:

Հարկաբյուջետային օգնության ծրագիրն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հոկտեմբերին ընդունեց մի շարք կանոններ, որոնք կարող են արգելել հետազոտական լաբորատորիաներին եւ տվյալների մշակման կոմերցիոն կենտրոններին հասանելիություն ունենալ արհեստական բանականության առաջադեմ չիպերին, ի թիվս այլ սահմանափակումների:

Միացյալ Նահանգները նաեւ լոբբինգ է իրականացրել իր որոշ գործընկերների շրջանում, այդ թվում՝ Ճապոնիայում եւ Նիդեռլանդներում, որպեսզի կրճատեն կիսահաղորդիչների արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների արտահանումը Չինաստան:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսին ստորագրել է օրինագիծ, ըստ որի դրամաշնորհների տեսքով 52,7 մլրդ դոլար կտրամադրվի ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրության եւ հետազոտությունների համար, ինչպես նաեւ մոտ 24 մլրդ դոլարի հարկային արտոնություններ՝ չիպերի գործարանների համար:

Աղբյուրների խոսքով՝ խթանումների փաթեթի միջոցով Պեկինը մտադիր է ուժեղացնել չինական չիպեր արտադրողների աջակցությունը՝ ներքին արտադրությունը, հավաքումը, փաթեթավորումը եւ հետազոտության ու զարգացման կարողությունները կառուցելու, ընդլայնելու կամ արդիականացնելու համար:

Պեկինի վերջին պլանը ներառում է նաեւ արտոնյալ հարկային քաղաքականություն երկրի կիսահաղորդչային արդյունաբերության համար, ասել են նրանք: