Մատենադարանում ավանդական ցուցադրության սրահների կողքին կգործի նաեւ վիրտուալ ցուցադրությունների սրահ։ Այնտեղ ոչ մի ցուցանմուշ չի լինելու, դրանց կփոխարինեն էկրանները։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրենի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով խորհրդական Գուրգեն Գասպարյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած մարդ հնարավորություն կունենա մոտենալ էկրանին եւ ձեռքի հպումով թերթել այն։ Սա Մատենադրանին հնարավորություն կտա ավելի մեծ ծավալի տեղեկատվություն ցուցադրել, իսկ այցելուներին՝ բացել իրենց ցանկացած էջը եւ դիտել այն։Գ. Գասպարյանի խոսքով՝ վիրտուալ ցուցադրությունների սրահը պատրաստ կլինի գարնանը։«Ցուցադրությունների սրահները կգործեն Մատենադարանի հին մասնաշենքում, որի վերանորոգումը ավարտին կհասցվի գարնանը, իսկ մասնաշենքը իր 9 ցուցադրությունների համար նախատեսված սրահներով, այդ թվում 1 վիրտուալ սրահով կգործի արդեն հաջորդ տարվա սեպտեմբերին»,-ասաց Գ. Գասպարյանը։
Նշենք, որ առաջիկայում՝ սեպտեմբերի 20-ին նախատեսվում է իրականացնել Մատենադարանի նորակառույց մասնաշենքի բացումը։



























