Իրաքի իշխանությունները մոտ վեց տոննա թմրանյութ են վերացրել, ներառյալ կանեփի, կապտագոնի եւ կոկաինի հսկայական կույտեր, ինչը, ըստ պաշտոնյաների, թմրանյութի ամենամեծ քանակությամբ ոչնչացումն է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, հաղորդում է AFP-ն:
Նշվում է, որ թմրանյութը կուտակվել է ավազի մեջ փորված հորերում, վրան վառելիք ավելացվել եւ այրվել։
Առողջապահության նախարար Սալեհ ալ-Հասնաուին, ելույթ ունենալով մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում գտնվող ռազմաբազայի մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ասել է, որ դա 2009 թվականից ի վեր «նման մեծ քանակությամբ թմրանյուիթ ոչնչացման առաջին գործողությունն է»:
Նա նշել է, որ թմրանյութերն առգրավվել են Իրաքի սահմանային անցակետերում եւ այլ վայրերում, որոնց մի մասը պահվել է մի քանի տարի շարունակ:
Վերջին տարիներին անվտանգության ուժերն ակտիվացրել են թմրամիջոցների դեմ պայքարի գործողությունները՝ գրեթե ամեն օր հայտարարելով թմրանյութերի առգրավման եւ թմրանյութերի առեւտրով զբաղվողների ձերբակալությունների մասին:
Վերջին տարիներին երկրում գրանցվել է նաեւ թմրամիջոցների ներքին վաճառքի եւ սպառման աճ:





























