Հայաստանին պետք են ոչ թե խոսակցություններ նոր քաղաքական մշակույթի մասին, այլ պետք են արդար ընտրություններ: Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքում հայտարարել է հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով, երբեմն դատողություններ են արվում, թե արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը կարեւոր խնդիր չէ երկրի համար, եւ կան ավելի կարեւոր հարցեր, սակայն փաստ է, որ կան լրջագույն խնդիրներ: «Երկիրը դատարկվում է, խայտառակ վիճակ է բանակում: Բայց փաստ է, որ գործող վարչախումբը ի վիճակ չէ լուծել խնդիրները, խորացնում է խնդիրները, նաեւ նրա ապաշնորհ քաղաքականության արդյունքում է երկիրը հայտնվել այս վիճակում»,- ընդգծել է Դեմիրճյանն ու եզրակացրել. «Երկրում պետք է արտահերթ նախագահական ընտրություններ: Հայաստանում պետք են լեգիտիմ օիշխանություններ»:
«Վարչախումբը կգնա քայլերի միայն հզոր ճնշման դեպքում: Ես ասացի, որ առանձնապես մեծ հույսեր պետք չէ կապել այդ երկխոսությունից: Հարցը լուծվելու է այստեղ: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք հարցը լուծել եւ հեռացնել իշխանությունը բռնազավթած վարչախմբին»:



























