Ինքնասպանների ռիսկային խմբի մեջ են մտնում 13-ից 23 տարեկան երիտասարդները եւ հետթոշակային տարիքի մարդիկ, սակայն ավելի շատ ինքնասպանության են դիմում 30-ից 60 տարեկան մարդիկ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

Խուդոյանի խոսքով, երիտասարդ հասակում ինքնասպանության պատճառը է հանդիսանում ռոմանտիկ, անպատասխան սերը, իսկ տարեցների մոտ դա կապված է ընկալված չլինելու զգացողության հետ: «Ցանկացած տարիքային խմբում ինքնասպանները գտնվում են խորը դեպրեսիայում, որի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել»,- ասել է նա:

Իսկ թե ինչպես կարել է կանխել ինքնասպանությունները, Խուդոյանի կարծիքով, անհրաժեշտ է դիմել «հոգեբանին եւ հոգեւորականության ներկայացուցչին հոգեւոր հոգեթերապիա ստանալու համար»:

Իր հերթին, Բաբկեն քահանա Հայրապետյանը համոզված է, որ ինքնասպանությունը «Աստծուց առանձնանալու փաստ է»: «Ինքնասպան լինել նշանակում է, որ մարդը իր մեջ սպանում է Աստծուն` ընդհատելով ի վերուստ տրված կյանքը»,-պնդում է նա:

Քահանան նաեւ կարծում է, որ ֆիզիկական ինքնասպանությունից բացի, «մարդը ենթարկվում է նաեւ հոգեւոր ինքնասպանության, որը դրսեւորվում է աթեիզմում»: «Անհավատ մարդը նախատրամադրված է ինքնասպանության»,- ազդարարել է Հայրապետյանը:

Նշենք, որ Առողջապահության միջազգային կազմակերպությունը` ինքնասպանութան կանխման միջազգային ասոցիացիայի օժանդակությամբ սեպտեմբերի 10-ին անց է կացնում ինքնասպանությունների կանխման միջազգային օրը: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով, տարեկան մոտ միլիոն մարդ ինքնասպան է լինում: Դա տեղի է ունենում հատկապես զարգացած երկրներում: Առաջնությունը պատկանում է Արեւելյան Եվրոպայի երկրներին: Ճապոնիայուն տարեկան 30 հազար մարդ է ինքնասպան լինում: Ավելի ցածր ցուցանիշները գրանցվել են Լատինական Ամերիկայում եւ իսլամական աշխարհում: Աֆրիկայի վերաբերյալ վիճակագրական տվյալները փաստացի բացակայում են: