Արցախյան խնդիրն ունի մեկ լուծում` դա Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն է, անկախ մեր հակառակորդների եւ նրանց հովանավորողների կամքից: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

«Արցախը գոյության իրավունքը վաստակել է ադրբեջանցի ագրեսորի դեմ տարած փառահեղ հաղթանակում: Այսօր Արցախի հանրապետությունը կայացած պետություն է, որն, ի տարբերություն Ադրբեջանի, գնում է ժողովրդավարության զարգացման ուղիով, եւ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը հետագայում էլ չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, իսկ այսօր Արցախը անկախ, ժողովրդավարական հանրապետություն է, որի ժողովրդավարական նվաճումները ընդունում են շատ միջազգային կառույցներ»,- նշել է նա:

«Պատահական չէ, որ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ պետք է լինի անկախ կամ միավորվի Հայաստանի հետ:  Խորհրդանշական է, որ հենց 1965-ին Ուրուգվայից սկսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը»,- ընդգծել է Շարմազանովն ու հավելել. «Հուսով եմ` որ այս հայտարարությունը  խոստումնալից է Արցախի հանրապետության միջազգային ճանաչման առումով, իսկ դրա համար անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնականությունը, քանի որ, ինչպես նախագահ Սարգսյանը նշեց, Արցախն այսօր հայության  հպարտությունն է»: