Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ի հետ քննարկել է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հարաբերություններում բեկման հասնելու հարցը Երուսաղեմում ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ լայնածավալ բանակցությունների շրջանակում, գրել է The Hill-ը։

Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերություններն Էր Ռիադի հետ քննարկվել են Թրամփի նախկին վարչակազմի միջնորդությամբ կնքված Աբրահամյան համաձայնագրերի խորացման հետագա քայլերի շրջանակում։

Ազգային անվտանգության ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը տեղեկացրել է, որ Սալիվանն ընդգծել է նախագահ Բայդենի հավատարմությունն Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ համատեղ աշխատանքին եւ «բարգավաճող եւ անվտանգ մերձավորարեւելյան ինտեգրված տարածաշրջանին աջակցությանը»։

Հունվարին, ավելի վաղ, ԱՄՆ-ի, Էմիրաթների, Բահրեյնի եւ Իսրայելի պաշտոնատար անձինք Աբու Դաբիում Նեգեւի համաժողովի աշխատանքային խմբի երկրորդ  հանդիպումն են անցկացրել. այն ստեղծել է Բայդենի վարչակազմը, բայց Աբրահամյան համաձայնագրերի արդյունքն է։

Էր Ռիադը ձեռնպահ է մնացել համաձայնագրերին միանալուց, քանի որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը մտավախություն ունի Պաղեստինի պետության ստեղծման հարցում։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը  կրկնել է այս տեսակետը՝ Bloomberg TV-ին ասելով, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը եւ «իսկական կայունությունը հնարավոր են միայն այն ժամանակ, երբ մենք պաղեստինցիներին հույս ու արժանապատվություն տանք։ Դրա համար պետք է պաղեստինցիներին պետություն տալ, եւ սա առաջնահերթ է»։

Իսրայելցիները եւ սաուդցիները երկար տարիներ գաղտնի կապեր են պահպանել անվտանգության ոլորտում, հիմնականում Իրանի դեմ պայքարելու համար, եւ Էր Ռիադը նախաձեռնել է ոչ մեծ քայլեր, որպեսզի գրավի հանրության ուշադրությունն այդ կապերի հանդեպ։

Սաուդյան Արաբիան թույլ է տվել նախագահ Բայդենին թռչել Թել Ավիվից Ջիդա հուլիսյան այցի ժամանակ։ Թագավորությունը նաեւ համաձայնել է թույլ տալ իսրայելական կոմերցիոն չվերթներին անցնել իր օդային տարածքով։

Չնայած Բայդենի վարչակազմը ջանքեր չի գործադրել իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղություն հաստատելու համար, այն աջակցել է հակամարտության լուծմանը երկու պետությունների ստեղծման հիման վրա եւ վերականգնել է փոխգործակցությունը Ռամալլահում Պաղեստինի վարչակազմի հետ՝ այն բանից հետո, երբ պաղեստինցիները խզել էին կապերն ԱՄՆ-ի հետ՝ ի պատասխան Թրամփի նախկին վարչակազմի գործողությունների։

Սալիվանը, որը երեք օր է՝ տարածաշրջանում է, Ռամալլահում հանդիպել է նաեւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, «որպեսզի հաստատի, որ ԱՄՆ վարչակազմը շահագրգռված է Պաղեստինի վարչակազմի հետ փոխգործակցության ամրապնդման եւ պաղեստինցի ժողովրդի հետ կապերի խորացման հարցում»։ «Նա նաեւ քննարկել է այն բանի անհրաժեշտությունը, որ պաղեստինցի առաջնորդներն օգնեն նվազեցնել լարվածությունն Արեւմտյան ափին եւ ամրապնդեն պաղեստինյան ինստիտուտները»։

Սալիվանը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է աջակցությունը երկու պետությունների ստեղծմանը եւ հավանություն չի տվել այն քաղաքականությանը, որը սպառնալիքի առջեւ է կանգնեցնում դրա կենսունակությունը։

«Սալիվանն ընդգծել է ցանկացած կողմի՝ միակողմանի քայլերից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են լարվածություն առաջացնել տեղերում, հատուկ ուշադրություն դարձնելով պատմական ստատուս-քվոյի պահպանմանը Երուսաղեմի սրբազան վայրերի հարցում»։

Նկատողությունները, հավանաբար, վերաբերում էին Նեթանյահուի կառավարող կոալիցիայի անդամի՝ ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի Տաճարի լեռ հունվարյան այցին, որը մուսուլմաններն անվանում են Հարամ-աշ-Շարիֆ։

Սրբազան վայրի անվտանգությունը վերահսկվում է հորդանանցիների կողմից՝ ստատուս-քվոյի շրջանակում, որը հրեաներին արգելում է այցելել այստեղ եւ աղոթել։ Բեն-Գվիրի այցը գնահատվել է որպես սադրանք։

Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները խոր անհանգստություն են հայտնել Բեն-Գվիրի այցի հետ կապված, իսկ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ այդ այցը «կարող է սրել լարվածությունը եւ բռնություն հրահրել»։