Մենք շատ ուշադիր ենք վերաբերվում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների փորձին՝ էլեկտրաէներգիայի շուկայի ձեւավորման հարցում։ Այս մասին փետրվարի 3-ի տեսակամրջի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը դեռեւս 2017թ. հաստատել էր էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագիրը, եւ այդ գործընթացը շարունակվում է։

«Ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործընթացն ավելի շուտ էր սկսվել։ Այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ժամանակ մենք ուսումնասիրել ենք այն դրական փորձը, որն արդեն ձեռք են բերել երկրները»,- ավելացրել է Մալկինան։

Նա հույս է հայտնել, որ այն փաստաթղթերը, որոնք այսօր ընդունվել են միջկառավարական խորհրդի նիստում, թույլ կտան ապահովել էլեկտրաէներգիայի առեւտուրը միության ընդհանուր շուկայում։