Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, այցելել է Երեւանի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն: Այստեղ երկրի ղեկավարին ներկայացվել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի 2007-2011թթ. զարգացման ծրագրի արդյունքները՝ ուղղված մանկաբուժական ծառայության բարելավմանն ու պոլիկլինիկական մասի ստեղծմանը: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բժշկական համալիրում նախագահը ծանոթացել է վերանորոգված եւ ժամանակակից սարքավորումներով վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող նորակառույց եռահարկ մասնաշենքի պայմաններին:
Շրջայցի ժամանակ, Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ նախկինում ամբողջովին խարխլված եւ կիսավեր մանկաբուժական մասնաշենքն անցած հինգ տարիներին ամբողջությամբ արդիականացվել է եւ ծառայելու է որպես հիվանդանոցային պոլիկլինիկա, իսկ մանկաբուժական բաժանմունքները տեղափոխվել են հիմնովին կառուցված նոր մասնաշենք: «Արաբկիր» բժշկական համալիրը ներառում է երեք հիմնական ստորաբաժանումներ` «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը Երեւանում, ինչպես նաեւ ութ մանկական վերականգնողական կենտրոններ` ՀՀ մարզերում:
Բժշկական համալիրը հիվանդանոցային բուժօգնություն է մատուցում տարեկան ավելի քան ինը հազար, իսկ արտահիվանդանոցային՝ ավելի քան քսան հազար երեխաների, դեռահասների, ինչպես նաեւ մեծահասակների:




























