Ռուսաստանն ու Իրանը կարող են չեղարկել վիզաները երկու երկրների քաղաքացիների համար, Թեհրանը սպասում է Ռուսաստանի պաշտոնական անձանց պատասխանին, երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նման հեռանկար կա։ Իրանը համաձայն է երկու երկրների միջեւ վիզաների չեղարկմանը։ Անգամ մեր երկրում այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել։ Սպասում ենք ռուս պաշտոնյաների կարծիքին։ Եթե Ռուսաստանը նույնպես, ինչպես մենք, հայտարարի, որ կա նման պատրաստակամություն, մենք կարող ենք կարճ ժամանակում հայտարարել առանց վիզայի ռեժիմի մասին»,- ասել է Ջալալին։
«Մեր կողմից լիակատար պատրաստակամություն կա մեր երկրների միջեւ վիզաների վերացման համար։ Եթե Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով նման որոշում կայացնի, մենք կարող ենք նույնիսկ 2023 թվականին մեր երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմ հայտարարել առաջիկա ամիսներին»,- հավելել է Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը։





























