Մադրիդում հազարավոր տաքսու վարորդներ արգելափակել են Կաստիլիայի հրապարակը։
Ինչպես նշվում է ակցիայի կազմակերպիչներից մեկը հանդիսացող Քաղաքային տրանսպորտի ընկերության արհմիութենական հարթակի հաղորդագրության մեջ, «տաքսու վարորդների պայքարը պայքար է հանուն հանրային ծառայությունների, ընդդեմ աշխատանքի շահագործման եւ հանուն ծառայության որակի»։
Այսպիսով, տաքսու վարորդները, վերջին ամիսների երրորդ ակցիայի շրջանակներում դեմ են հանդես գալիս Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ Իզաբել Դիաս Այուսոյի քաղաքականությանը, որը, նրանց խոսքով, ոլորտը տալիս է խոշոր բիզնեսի ձեռքը՝ ի դեմս այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Uber-ը, Cabify-ն եւ Bolt-ը:
Տեղական իշխանությունները ներկայումս ավարտում են նոր կանոնակարգերը, որոնք, ի թիվս այլ բաների, թույլ կտան տաքսիներին ազատ շրջել ցանկացած ժամանակ՝ օրը 24 ժամ, շաբաթվա բոլոր օրերին, ինչպես նաեւ թույլ կտան ավտոմեքենաների փոխանակման համատեղ ծառայություններ՝ օգտվողները կկարողանան տեղ ամրագրել ուրիշներին տեղափոխող ավտոմեքենայում, ինչը կնվազեցնի ուղեւորության գինը յուրաքանչյուր ուղեւորի համար: Կպարզեցվի նաեւ լիցենզիաների տրամադրման եւ վարորդների աշխատանքի ընդունելու գործընթացը։
RTVE հեռուստաալիքի տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 6000 տաքսի։





























