Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վան Վենբինն այսօր՝ փետրվարի 16-ին, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ տարածքով օդապարիկի թռիչքի հետ կապված բանաձեւերի ընդունումը Սենատի կողմից։

«Այս բանաձեւերը չեն արտացոլում հիմնական փաստերը։ Դրանք նախատեսված են բացառապես քաղաքական միավորներ հավաքելու եւ իրավիճակը դրամատիզացնելու համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Չինաստանը կտրականապես հավանություն չի տալիս դրանց եւ կտրականապես դրանց դեմ է հանդես գալիս:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին հարգել փաստերը, հարգել միջազգային իրավունքի ոգին եւ միջազգային հարաբերություններում հիմնարար նորմերը եւ անհապաղ դադարեցնել Չինաստանին զրպարտելը եւ դադարեցնել գործողությունները, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասել է Վան Վենբինը:

Չինական օդապարիկը, որը ենթադրաբար նախատեսված էր հետախուզական տվյալների հավաքագրման համար, որը Պեկինում հերքում են, մեկ շաբաթ սավառնել է Կանադայի եւ ԱՄՆ-ի երկնքում, մինչեւ նախագահ Ջո Բայդենը հրամայել է այն խոցել: Այս դրվագը սրել է Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները, ինչի պատճառով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է Չինաստան կատարած այցը:

Օդապարիկի թռիչքի հետ կապված՝ ԱՄՆ Սենատը երկու բանաձեւ է ընդունել, որոնք «դատապարտում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Միացյալ Նահանգների տարածքի վրայով դիտորդական օդապարիկի օգտագործումը որպես Միացյալ Նահանգների ինքնիշխանության կոպտագույն խախտում»: