Անցյալ տարի ադրբեջանական գազի մատակարարումների ավելացումը նպաստել է մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովմանը կարճաժամկետ հեռանկարում։ Իսկ նպատակը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի առաջարկած Հարավային գազային միջանցքի ընդլայնումն է։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված «Խողովակաշարային երազանքներ. ապագայի էներգետիկ անվտանգություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հայտնում է АПА-ն։
Նա նշել է, որ մինչեւ 2027 թվականը նախատեսվում է TAP-ով գազի փոխադրումը ներկայիս 11 միլիարդից հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի, իսկ TANAP-ի միջոցով՝ 16 միլիարդից մինչեւ 31 միլիարդ խորանարդ մետրի:
Ալիեւը նաեւ հիշեցրել է, որ վերականգնվող էներգիան առանձնահատուկ դեր է խաղում Ադրբեջանի եւ Եվրամիության համագործակցության մեջ, եւ վերջերս Ադրբեջանը մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկել այս ոլորտում։ Ընդգծելով, որ այս ուղղությամբ մի շարք նախագծեր են արդեն իրականացվում Ադրբեջանում, ստորագրվել են տարբեր փաստաթղթեր՝ կապված մինչեւ 25 գիգավատտ էլեկտրաէներգիայի արտադրության հետ, Ալիեւը վստահեցրել է, որ դա պայմաններ կստեղծի ոչ միայն Ադրբեջանում արտադրվող կանաչ էներգիայի ներքին սպառման համար, այլ նաեւ Եվրոպա արտահանման համար, ինչը կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը կշարունակի կարեւոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։
Հիշեցնելով, որ անցած տարվա հուլիսին Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մասնակցությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ, Իլհամ Ալիեւն ասել է, որ այս փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը այսուհետ եւս կընդլայնվի։





























