Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երեւանի դիրքորոշման մեջ «տեղաշարժեր» են նկատվում, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո, հայտնում է Life-ը։

Նրա խոսքով, «հանդիպումը կառուցողական է անցել», բազմաթիվ հարցեր են քննարկվել, իսկ ինքը հայտնել է իր դիրքորոշումը։

«Հիմնական խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա։ Երեք օր առաջ նոր առաջարկներ ստացանք Հայաստանից։ Մենք ուսումնասիրում ենք դրանք։ Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ տեղաշարժեր կան, բայց դա բավարար չէ»,- ասել է նա։

Ալիեւը նաեւ նշել է, որ Բաքուն պաշտոնապես առաջարկել է Հայաստանի հետ սահմանին «անցակետեր» ստեղծել։ Նրա խոսքով, մինչ այդ այս նախաձեռնությունը եղել է ոչ պաշտոնական խողովակներով։

Ալիեւի խոսքով՝ նման անցակետեր կարող են ստեղծվել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում, ինչպես նաեւ «Լաչինի շրջանում»։

«Իհարկե, ես եւս մեկ անգամ հայտնեցի իմ դիրքորոշումը։ Հիմնական հարցն այն է, որ այս խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած դրույթ անընդունելի է։ Այս հարցում եւս ներկայացվել է նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը։ Երեք օր առաջ մենք ստացանք Հայաստանի պատասխան առաջարկները մեր առաջարկներին։ Այժմ մենք ուսումնասիրում ենք դրանք»,- Ադրբեջանի նախագահի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները: