Ֆրանսիան կիրակի օրը հայտարարել է, որ աորդ շաբաթավերջին կսկսի Ուկրաինային խոտացած զրահատեխնիկայի մատակարարումը:

AMX-10 տիպի մեքենաները, որոնք երբեմն բնութագրվում են որպես «թեթեւ տանկեր», օգտագործվում են զինված հետախուզության եւ թշնամու տանկերի վրա հարձակումների համար։

Առաջին մեքենաները Ուկրաինա կուղարկվեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ, հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն Le Parisien թերթի կիրակնօրյա համարում։

Միաժամանակ նա հրաժարվել է նշել առաջին խմբաքանակի մեքենաների քանակը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում Ռուսաստանին «ռազմավարական տեղեկատվություն» տրամադրել։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ AMX-10-երը բարձր շարժունակություն ունեն եւ ապահովում են պաշտպանություն հետեւակի թեթեւ կրակից։

Նրանց մարտական ​​քաշը 20 տոննա է, ինչը մոտ մեկ երրորդով պակաս է ֆրանսիական Leclerc մարտական ​​տանկերից։

Ֆրանսիայի զինված ուժերը սկսել են փոխարինել AMX-10-ը, որն առաջին անգամ մշակվել էր 1970-ականներին, ավելի ժամանակակից Jaguar-ներով:

Ըստ Լեկորնուի, AMX-10-ի վրա ուկրաինական անձնակազմի վերապատրաստումն այժմ «գրեթե ավարտված է»:

Նա նաեւ ասել է, որ ուկրաինացի զինվորականների ընդհանուր պատրաստությունը «աճում է» եւ՛ Ֆրանսիայում, եւ՛ Լեհաստանում, որը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, հավելելով, որ մարտ ամսից ամեն ամիս ուկրաինացի 600 զինծառայողներ կվերապատրաստվեն:

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրատապ պահանջով Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարումների մասին հարցին ի պատասխան Լեկորնուն ասել է, որ հարցը «տաբու չէ»՝ նշելով, որ նման ռազմական օգնությունը բարդ «լոգիստիկ եւ գործնական խնդիրներ է առաջացնում»: