Իտալիան Ուկրաինային կտրամադրի մինչեւ հինգ մարտական ինքնաթիռ, եթե դա նաեւ ԵՄ մյուս երկրներն անեն, գրում է la Repubblica թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հազիվ թե խոսքը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների կամ Eurofighter ինքնաթիռների մասին է։ Ակնկալվում է, որ Իտալիայի կառավարությունը Կիեւին կտրամադրի Amx գրոհային ինքնաթիռներ, որոնք մշակվել են Բրազիլիայի հետ համատեղ, ինչպես նաեւ երրորդ սերնդի Tornado կործանիչներ։

Ինչպես հայտնում է la Repubblica-ն, հիշատակված ինքնաթիռների մատակարարումների մասին համաձայնագիրը կարող է կապված լինել փետրվարի 21-ին Կիեւ Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի կատարած այցի հետ։

Հոդվածի հեղինակները նշել են, որ Հռոմը չի պատրաստվում իր վրա վերցնել կործանիչների մատակարարումների հարցը, մասնավորապես, այն պատճառով, որ իտալական հասարակությունը սկսել է ընդդիմանալ հակամարտության շարունակմանը։

Սակայն վարչապետ Մելոնին չի առարկի, եթե Արեւմուտքը գնա այս քայլին, ասվում է հրապարակման մեջ։ Իտալիայի մատակարարումներին այլընտրանքը, ինչպես գրում է թերթը, կարող է լինել Ուկրաինային «մի քանի տասնյակ Typhoon» տրամադրելու Մեծ Բրիտանիայի որոշմանն աջակցությունը։