Չինաստանը երեքշաբթի ներկայացրել է գլոբալ անվտանգության ոլորտի վերաբերյալ նախաձեռնության տեքստը, որը մինչ այդ առաջադրել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Նախաձեռնության տեքստը տարածել են Չինաստանի ԶԼՄ-ները։

Ինչպես նշվել է նախաձեռնության տեքստում, այսօր մեր աշխարհը փոխվում է այնպես, ինչպես երբեք, եւ միջազգային հանրությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք նախկինում երբեք չեն եղել։ Խաղաղության, զարգացման, անվտանգության եւ կառավարման դեֆիցիտը խորանում է, եւ մարդկությունը նորից գտնվում է պատմության ճամբաժանին։

Այս համատեքստում Չինաստանը ներկայացրել է գլոբալ անվտանգության վեց սկզբունք։ Նախ՝ անհրաժեշտ է ունենալ ընդհանուր, համապարփակ, համատեղ եւ կայուն անվտանգության տեսլական։ Սկզբունքի էությունն այն է, որ պաշտպանվի ընդհանուր անվտանգության հայեցակարգը՝ հարգելով եւ պաշտպանելով յուրաքանչյուր երկրի անվտանգությունը, զարգացանել համագործակցությունը, ապահովել անվտանգությունը քաղաքական երկխոսության եւ խաղաղ բանակցությունների միջոցով։

Երկրորդ՝ անհրաժեշտ է հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ բոլոր երկրները՝ մեծ, թե փոքր, ուժեղ, թե թույլ, հարուստ, թե աղքատ, միջազգային հանրության իրավահավասար անդամներն են, եւ պետք է հարգել նրանց ինքնիշխանությունն ու սոցիալական համակարգերի եւ զարգացման ուղիների ընտրության ինքնուրույն իրավունքը։

Երրորդ՝ անհրաժեշտ է հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին։ Սառը պատերազմի մենթալիտետը, ունիլատերիզմը, բլոկային առճակատումը եւ հեգեմոնիզմը հակասում են ՄԱԿ-ի Կանոնադրության ոգուն եւ պետք է մերժվեն, նշվել է տեքստում։

Չորրորդ՝ անհրաժեշտ է լուրջ վերաբերվել բոլոր երկրների անվտանգության օրինական շահերին։ Մարդկությունն անվտանգության անբաժանելի հանրույթ է։ Մեկ երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի ի հաշիվ մյուսների անվտանգության, յուրաքանչյուր երկիր, հետեւելով սեփական անվտանգությանը, պետք է ուշադրություն դարձնի մյուս պետությունների անվտանգության խելամիտ շահերին։

Հինգերորդ՝ նշվում է երկրների միջեւ երկխոսության միջոցով տարաձայնությունների եւ վեճերի խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը ։ Ընդգծվում է, որ պատերազմը եւ պատժամիջոցները վեճերի լուծման հիմնարար միջոց չեն, միջազգային հանրությունը պետք է աջակցի ճգնաժամերի խաղաղ կարգավորման ջանքերին եւ խրախուսի, որպեսզի հակամարտող կողմերը վստահություն ունենան երկխոսության միջոցով վեճերի կարգավորման եւ անվտանգության ամրապնդման հարցերում։

Վեցերորդ սկզբունքը անվտանգության ապահովման անհրաժեշտությունն է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական ոլորտներում։ Չինաստանը կոչ է անում բոլոր երկրներին աշխատել միասին՝ լուծելու համար տարածաշրջանային վեճերն ու գլոբալ խնդիրները, ինչպիսին են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, կիբեռանվտանգությունը եւ կենսաանվտանգությունը։