Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանել են Ազգային բանկի առաջարկը՝ Ռուսաստանում գրանցված եւ գործող բոլոր բանկերի, ապահովագրական ընկերությունների եւ այլ ոչ բանկային ֆինանսական հաստատությունների դեմ ոլորտային պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Պետության ղեկավարը Գերագույն ռադա է ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը նախատեսում է փետրվարի 22-ի թիվ 89 համապատասխան հրամանագրի ուժի մեջ մտնելը, հայտնում է delo.ua-ն՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությանը։

Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական հաստատությունների նկատմամբ ոլորտային հատուկ տնտեսական եւ այլ սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ) կիրառելու մասին» որոշման համաձայն, որը Զելենսկին հաստատել է իր հրամանագրով, պատժամիջոցները սահմանվում են 50 տարի ժամկետով։