ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրներին դեռ չի հաջողվել ապահովել Ուկրաինային հրետանային զինամթերքի մատակարարման կայունությունը, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ միայն պաշտպանական արդյունաբերության հետ փոխգործակցության շնորհիվ կարելի է պահպանել Ուկրաինայի աջակցությունը, ինչը թույլ է տալիս հասկանալ, որ դաշնակիցները երկարաժամկետ պայմանագրեր են կնքում։  

Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ այժմ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զինամթերքի մատակարարումները «կայուն չեն», քանի որ դրանց «սպառումը շատ ավելի բարձր է»: Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտությունը վերածվում է «լոգիստիկ մարտի»։

Սթոլթենբերգը նաեւ ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի», քանի որ չի կարելի թույլ տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթանակ տանել Ուկրաինայի նկատմամբ:   

«Դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, բայց դա վտանգավոր կլինի նաեւ մեզ համար»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, սակայն այս պահին գլխավոր ուշադրությունը պետք է լինի այն բանի վրա, որ «ապահովվի Ուկրաինայի՝ որպես Եվրոպայում ինքնիշխան անկախ երկրի հաղթանակը»։