Ֆինլանդիայի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշել է Ուկրաինա ուղարկել երեք Leopard 2 տանկ, որոնք նախատեսված են տեղանքի ականազերծման համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ, ըստ երկրի պաշտպանության նախարարության, նախագծում ներդրումը չի կարող մեծ լինել Ռուսաստանի հետ երկար ցամաքային սահմանի պատճառով, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ երկիրը դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Միկո Սավոլան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ տանկերը նախատեսված են տեղանքի ականազերծման համար, դրանց ճակատային մասում ամրացված է հատուկ սարք։
«Սա շատ լավ եւ անհրաժեշտ սարքավորում է»,- ասել է նա։
Սավոլան այս որոշումը կարեւոր է անվանել. «Սակայն, Ուկրաինան շատ ավելի մեծ աջակցության կարիք ունի, քան տանկերը»։
Տանկերն Ուկրաինա կուղարկվեն տրամադրվող ռազմական օգնության 13-րդ փաթեթի շրջանակում։ Դրա ընդհանուր գումարը կազմում է 160 մլն եվրո։
Ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ նախորդ՝ հունվարի փաթեթը մինչ օրս ամենամեծն էր։ Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիան Ուկրաինային 750 մլն եվրոյի չափով ռազմական աջակցություն է ցուցաբերել։





























