Իսպանիայի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Nammo Palencia ընկերության հետ, որով ռազմամթերքի ռազմավարական պաշար կստեղծվի։ Այս մասին հայտնում է El Mundo-ն։
Համաձայնագրի արժեքը 7,6 մլն դոլար է։ Դրանով պաշտպանության գերատեսչությունը կստանա 5,56 × 45 մմ տրամաչափի ռազմամթերք։ Սրանք ստանդարտ չափի փամփուշտներ են, որոնք օգտագործվում են Հյուսիսատլանտյան դաշինքի հրաձգային զենքերի համար:
Ավելի վաղ Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների մեծամասնությունը պաշտպանել է Ուկրաինայի համար զենք ու զինամթերք գնելու մասին Էստոնիայի առաջարկը։ Նա նշել է, որ տեղի ունեցած քաղաքական բանավեճերից հետո հաջորդ քայլով նախատեսվում է այս նախաձեռնությունը ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների քննարկմանը ներկայացնել։





























