Պերուի նախագահն անորոշ ժամանակով հետ է կանչել Մեքսիկայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երկրի կառավարությունը «հակասահմանադրական» է անվանել, հաղորդում է BBC-ն:

Օբրադորը նաեւ հայտարարել է, որ Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոն «ապօրինի հեռացվել է իշխանությունից»:

Պերուի ներկայիս առաջնորդ Դինա Բոլուարտեն դատապարտել է «անընդունելի միջամտությունը երկրի  ներքին գործերին»։

Նա հայտարարել է, որ այդ արտահայտությունները լրջորեն կազդեն երկրների հարաբերությունների վրա։

Դեկտեմբերին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկությունը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել, որոնք շարունակվում են ամբողջ երկրում եւ հանգեցրել են առնվազն 50 մարդու մահվան:

Ներկայումս 53-ամյա Կաստիլյոն բանտում է ապստամբության եւ դավադրության մեղադրանքով՝ Կոնգրեսը ցրելու անհաջող փորձից հետո, որպեսզի դադարեցնի իր դեմ իմփիչմենթի քվեարկությունը: